Հոնկոնգի ոստիկանները ձերբակալել են ավելի քան 180 ցուցարարի
Հոնկոնգի ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 180 ցուցարարի: Շուրջ 25 ոստիկանության աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանության հանձնակատար Սթիվեն Լոյին:
Նա նաև հաստատել է, որ միջադեպի արդյունքում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 18-ամյա երիտասարդ, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա խոսքով` ոստիկանության աշխատակիցը կրակել է «բացառապես ինքնապաշտպանական նպատակով»:
Ընդհանուր առմամբ, վնասվածք է ստացել 66 մարդ: Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս երկուսինը` ծանր:
Ավելի վաղ նշվում էր, որ հակակառավարական բողոքի ակցիաները տարածվել են Հոնկոնգի մի շարք շրջաններում: Անկարգությունների պատճառը կապված է ՉԺՀ-ի 70-ամյակի տոնակատարությունների հետ: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներով շրջել են փողոցներով, վայրագություններ են թույլ տվել, պոկել են տոնական ցուցապաստառները: Իրավիճակը կարգավորելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել:
Ամռան սկզբին մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով չընդունել արտահանձնման մասին օրենքը, որի համաձայն Հոնկոնգի բնակիչները, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Չինաստանում, կարող են արտահանձնվել ասիական երկրի մայրցամաքային հատված: Հոնկոնգի իշխանությունները չեղարկել են օրենքի ընդունումը: Այնուամենայնիվ, ցուցարարներն ընդլայնել են իրենց պահանջները՝ բարեփոխումների կոչ անելով և պահանջելով հետաքննել ոստիկանության գործողությունները:










