2015-ից ի վեր որևէ ֆոտոթակարդ չի ֆիքսել կտրված թաթով ընձառյուծ, ադրբեջանական կողմի հայտարարությունը նոր բան չէ. WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
Բնության պահպանության միջազգային հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Էլշադ Ասկերովի հայտարարությունը, թե Նախիջևանից Հայաստան տեղափոխվելու հետևանքով ականի պայթյունից կովկասյան ընձառյուծներ են վիրավորել, նոր բան չէ. Tert.am-ի հետ զրույցում նշեց WWF հայաստանյան գրասենյակի բնապահպանական ծրագրերի գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը:
«2015-ից ի վեր կտրված թաթով ոչ մի ընձառյուծ որևէ ֆոտոթակարդ չի ֆիքսել: Ինքն ինչ ասում է, դա նոր չէ, հին է: Մենք ժամանակին ունեցել ենք երկու կենդանի, ֆոտոթակարդների միջոցով ֆիքսվել է, որ նրանց թաթերը կտրված են, դա փաստ է և դրա մասին նույնիսկ WWF-ը պաշտոնական հայտարարություն է արել: Մոտավորապես 2013-2014թթ-ին էր, որ FPWC-ը ՀՀ-ում կտրած թաթով ընձառյուծ էր նկարել, դրանից հետո այն նկարվել էր նաև Նախիջևանում»,-ասաց Գասպարյանը:
Ըստ նրա, դրանից հետո տարբեր քննարկումներ են եղել, թե ինչից կարող են կենդանիները կորցնել թաթը: «Տարբեր պատճառներից կարող էին կենդանիները ոտքը կորցնել՝ դա կարող է լինել թե՛ ականներից, թե՛ թակարդներից, որ որսագողերն են դնում, բայց հաստակ պնդել, որ դա ականապատ տարածքների պատճառով է, ոչ մեկ, այդ թվում մեր ադրբեջանցի գործընկները չեն կարող, առավել ևս պնդել, որ դա եղել է հենց կենդանիների՝ Նախիջևանից Հայաստան մուտք գործելու հետևանքով»,-ասաց նա:
Արսեն Գասպարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է եղել նրանց կողմից, քանի որ կենդանիները հայտնի փաստ է, որ սահմաններ չեն ճանաչում: «Նրանք պարբերաբար անցնում են Հայաստանից Իրան, Իրանից Նախիջևան, Արցախ են մտնում, փոխհարակից տարածքներում լինում են և դա մշտական պրոցես է, իսկ թե որտե՞ղ է տեղի ունեցել և որտեղ ինչ է եղել, դա ոչ ոք չի կարող հաստատել, դա ընդամենը ադրբեջանական հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն է և նրանք չէին կարող ասել, թե տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նախիջևանից սահմանը հատում են և անցնում Հայաստան, թե ոնց, էլ չեմ ասում այն պնդումը, թե նրանցից մեկը վնասված թաթով 170 կմ է անցել»,-ասաց նա:
Արսեն Գասպարյանը նաև նշեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում ֆոտոթակարդները ֆիքսել են 4-5 ընձառյուծի, բայց դա չի նշանակում, որ նրանց թիվն ավելին չէ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 100 ֆոտոթակարդ է տեղադրված:










