Տարիներ շարունակ մեր սորոսականները գրանցել են գրպանային ՀԿ-ներ ու դրանցով փողեր դուրս գրել. Ջորջ Սորոսը աուդիտ է անցկացրել հայաստանյան գրասենյակում. Նարեկ Մալյան (տեսանյութ)

21:48 • 02.10.19

Անհայտ անձը ՎԵՏՕ-ին է ուղարկել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի և մասնավորապես Լարիսա Մինասյանի մեղադրական եզրակացությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Հայաստանի Սորոսի գրասենյակը, որը տարիներ շարունակ գոռում, գոչում է կոռուպցիա, ոտքից գլուխ ինքն է թաթախված կոռուպցիայի մեջ և զբաղվել է հովանավորչությամբ, կամ ուղղակի ատկատներով փողեր է աշխատել: Մեր ձեռքի տակ է 100 էջանոց փաստաթուղթ, ի դեպ դա Սորոսի գրասենյակի ներքին փաստաթուղթ է և անձամբ Ջորջ Սորոսի կողմից ուղարկված է աուդիտի: Իսկ այդ աուդիտի եզրակացությունը եղել է այն, որ Սորոսի հայկական գրասենյակում տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել կոռուպցիա և հովանավորչություն։ Այնտեղ գրված է, որ տասնամյակ շարունակ մեր սորոսականները գրանցել են գրպանային ՀԿ-ներ ու դրանցով փողեր դուրս գրել, այդ փաստաթղթի մեջ, օրինակ, կա Լևոն Բարսեղյանի անունը»,- նշեց Մալյանը:

Մալյանը հավելեց նաև, որ չի կողմնորոշվում՝ հրապարակի՞ այդ փաստաթուղթը, թե՞ ոչ: «Այս պահին սորոսականներն իշխանության են, բայց որ պահին կզրկվեն իշխանությունից, հաջորդ վայրկյանին այդ թուղթը կլինի դատախազի սեղանին»,- հայտարարեց նա:

Նարեկ Մալյանը նշեց, որ միայն մեկ պայմանով է հիմա պատրաստ հրապարակել փաստաթուղթը, եթե «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի նախագահ Լարիսա Մինասյանը ուղիղ եթերով բանավիճի իր հետ: «Նրա աչքերի մեջ նայելով՝ կընթերցեմ այդ թղթապանակի նյութերը»,- ասաց Մալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: