Պուտինը քննադատաբար է մոտեցել ՄԱԿ-ում 16-ամյա ակտիվիստուհի Գրետա Տունբերգի ելույթին

20:36 • 02.10.19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատաբար է արձագանքել ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների թեմայով նիստում 16-ամյա բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի ելույթին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 2-ին Ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ նա «չի կիսում համընդհանուր հիացմունքը» Տունբերգի ելույթի առնչությամբ: «Ոչ ոք Գրետային չի բացատրել, որ ժամանակակից աշխարհը բարդ է և բազմազան, և Աֆրիկայում կամ բազմաթիվ ասիական երկրներում բնակվող մարդիկ ցանկանում են ապրել նույնպիսի պայմաններում, ինչպես Շվեդիայում», - ընդգծել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առաջ, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում:

Նրա ելույթին արձագանքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ «շատ ուրախ աղջնակ է երևում, որն անհամբերությամբ սպասում է պայծառ ու գեղեցիկ ապագային»: