«Իշխանությունները ցանկանում են փակել բոլորի բերանը». ուկրաինական ԶԼՄ-ները պայքարում են գրաքննության դեմ  

22:20 • 02.10.19

Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը սկսվել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավորների ակցիայի ֆոնին: Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, Նեստոր Շուֆրիչը և Վադիմ Ռաբինովիչն ամբիոնից պաստառ են կախել՝ «Ես դեմ եմ գրաքննությանը» գրությամբ:

Այդպիսով քաղաքական գործիչները հայտնում են իրենց վրդովմունքը Ազգային խորհրդի հեռուստառադիոհեռարձակման հետ կապված որոշման առնչությամբ, որով 112 Украина հեռուստաալիքը զրկվում է թվային հեռարձակման արտոնագրից: Նույն ճակատագրին է արժանացել է NewsOne և ZIK հեռուստաալիքները:

Նշվում է, որ կատարվածի առնչությամբ բոլոր երեք ալիքները բաց նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին և Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլիին:

«Իշխանություններն ուզում են փակել բոլորի բերանը, ովքեր այն չեն ասում, ինչ իրենց է դուր գալիս: Չնայած այդ բոլոր փորձերին՝ չի հաջողվի փակել բոլոր անկախ ԶԼՄ-ների բերանները: Վաղ թե ուշ Ուկրաինան կրկին ազատ կդառնա»,- աղբյուրը մեջբերում է 112 Украина հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արտյոմ Մարչևսկուն: