«Էս նոր կադրերը բան չեն հասկանում, իրավիճակին չեն տիրապետում, անգամ ավտոշուկա չեն եկել՝ խնդիրը հասկանալու». ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց (տեսանյութ)

15:12 • 03.10.19

Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց: Նրանք պահանջում էին վերացնել ԵԱՏՄ այլ պետությունների քաղաքացիների վերաբերյալ սահմանափակումները և 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ևս երկու ամիս ժամանակ տրամադրել՝ մեքենաները ներկայիս մաքսային գներով մաքսազերծելու համար:

«Ներկրվող մեքենաների մեծ մասը գնվում է Ղազախստանի կամ Ռուսաստանի քաղաքացիների կողմից և նրանք ընդամենը ժամանակավոր կացություն ստանալուց հետո կարողանում էին հայկական համարանիշով մեքենաները տանել իրենց երկիր և այնտեղ շահագործել: Հիմա կառավարությունը սեպտեմբերի 26-ին որոշում է կայացրել, որ նրանք ոչ թե ժամանակավոր, այլ մշտական կացություն պետք է ստանան, ինչը բարդացնում է խնդիրը: Մեզ զանգում էին Ղազախստանից, Ռուսաստանից, հարցնում էին՝ ինչ է կատարվում: Նրանց հոսքը նվազել է վերջին շրջանում»,- ասաց ավտոներկրողներից մեկը:

Հիշեցնենք նաև, որ 2020 թ.-ի հունվարի 1-ին ավարտվում է Հայաստանին տրված արտոնության ժամկետը և ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում գործելու է ավտոմաքսազերծման մեկ միասնական դրույքաչափ: Տարբեր տարեթվերի արտադրված մեքենաների դեպքում տարբեր չափով է բարձրանալու մաքսային դրույքաչափը: Որքան հին լինի մեքենան, այդքան ավելի բարձր է լինելու մաքսային դրույքաչափը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այս երկու հարցերով կառավարության ներսում քննարկում ունեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրեց արդյունքները.

«Նաիրի Սարգսյանն ասաց, որ հին կարգով կարող ենք մինչև հունիսի 1-ը Ղազախստանի և ՌԴ քաղաքացիների հետ մեքենաների գործարքներ անել, էդ մի հարցը լուծված է: Ինչ վերաբերում է մաքսազերծման արտոնության 2 ամսով երկարացմանը, ասացին, որ մեկ շաբաթ անց կկարողանան պատասխանել: Այնպես որ, մեկ շաբաթից նորից հավաքվում ենք այստեղ»,- հայտնեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրողները նաև դժգոհություններ ունեին ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշման հետ կապված: Սակայն, Կառավարությունից նրանց հայտնել էին, որ մինչև հաջորդ տարվա հունվարի 11-ը Գյումրու մաքսատունը դեռևս պատրաստ չի լինի:

«Էս նոր կադրերը շատ բան չեն հասկանում, բացարձակ չեն տիրապետում իրավիճակին, որովհետև ոչ մեկ չի եկել ավտոշուկա՝ մի հատ հասկանա խնդիրները: Մենակ խոսում են՝ չես բերելու Գյումրի, տար վրացիքին վրա ծախի: Ասում եմ՝ էս ձմեռվա շեմին, այդքան երթևեկության պատճառով քանի՞ մարդ է զոհվում Հայաստանում, հիմա էլ Գյումրու ճամփեքին զոհվենք: Ասում է՝ հա ինչ անենք, այնքան մարդ է զոհվում: Եվ այս մարդիկ ենթակա են վարչապետին, հենց ՊԵԿ-ի մաքսային ղեկավարներն են նման հայտարարություն արել, հենց ՃՈ պետի կողքը»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը: