Հրվ. Կորեայում «Միտագ» թայֆունի հետևանքով 6 մարդ է մահացել, նույնքան մարդ անհետ կորած է համարվում

09:59 • 03.10.19

Հարավային Կորեայում «Միտագ» թայֆունի հետևանքով արդեն վեց մարդ է մահացել, նույնքան մարդ անհետ կորած է համարվում, գրում է ria.ru-ն՝ «Ռոնհապ» գործակալությանը հղումով:

Ըստ Հարավային Կորեայի արտակարգ իրավիճակներում անվտանգության միջոցառումների կենտրոնական շտաբի տվյալների՝ զոհերի մեծ մասը տարեցներ են, որոնք հայտնվել են սողանքների հետևանքով ավերված տների փլատակների տակ: Երկրի հարավում գտնվող Պուսան քաղաքում փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Երկրի արևելյան շրջաններում գիշերվա ընթացքում տեղացել է մինչև 500 միլիմետր տեղում, հեղեղվել են բազմաթիվ շենքեր: Կանըն քաղաքում ամբողջությամբ դադարեցվել է ավտոբուսների երթևեկությունը: Մի շարք շրջաններում խաթարվել է էլեկտրամատակարարումը, հազարավոր ընտանիքներ ժամանակավորապես մնացել են առանց էլեկտրականության: Փրկարարներն ստիպված են եղել տարհանել ավելի քան 50 մարդու, որոնք կողպված են մնացել իրենց տներում և տրանսպորտային միջոցներում:

Հարավային Կորեայի գլխավոր գյուղատնտեսական շրջաններում ավելի քան 1000 հեկտար դաշտեր են ջրածածկվել, ոչնչացել է 6 հազար թռչուն, տարերային աղետը ոչնչացրել է նաև 10 խոշոր ջերմոցային տնտեսություն:

Պուսանում ջրհեղեղներ են սպասվում Նակտոնգան գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից, Սեուլում չեղյալ է հայտարարվել Հանգան գետի վրա կամրջի կառուցումը՝ ամենամյա փառատոնի շրջանակում քայլելու համար: