Եմենի հուսիթները հայտարարել են, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային

06:20 • 03.10.19

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժման ապստամբները (հուսիթներ) հայտարարել են, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային, եթե վերջինը չարձագանքի նրանց խաղաղության կոչին, հաղորդում է РЕН ТВ-ն:

Անցյալ շաբաթ հուսիթների բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավարն ասել էր, որ իրենք միակողմանի դադարեցնում են հարձակումները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ և թագավորությունից նույնատիպ մոտեցում են ակնկալում:

«Լայնածավալ նախապատրաստություն է ընթանում հզոր հարվածներ հասցնելու համար, ինչը բավարար կլինի հաղթել ագրեսորին, եթե խաղաղ ջանքերն ու երկխոսությունն իրենց արդյունքը չտան»,- ասված է հուսիթների բարձրագույն քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Քաղաքական խորհուրդը նշել է, որ հարևան թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումը իրենց «հնարավորությունների համեմատ» եղել է «սառցաբեկորի գագաթը» միայն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել, ինչը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալների մոտ 50 տոկոս կրճատմանը՝ օրական 5,7 միլիոն բարել:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը հերքում է այդ մեղադրանքները: