Իրաքի պաշտպանության նախարարը հրամայել է Զինված ուժերը բերել լիարժեք մարտական պատրաստականության

00:40 • 03.10.19

Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ-Շամարին, երկրում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին, հրամայել է երկրի Զինված ուժերը բերել լիարժեք մարտական պատրաստականության: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է As Sumaria հեռուստաալիքը:

«Պաշտպանության նախարարը հրամայել է ԶՈւ բոլոր ստորաբաժանումները բերել բարձր մարտական պատրաստականության վիճակի՝ պահպանելու պետության ինքնիշխանությունը, պետական կառույցների և կենսական նշանակության օբյեկտների, ինչպես նաև բոլոր դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: Միաժամանակ, նախարարը հրամայել է պահպանել առավելագույն զսպվածություն»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ցույցեր: Քաղաքացիները դժգոհում են կյանքի վատ պայմաններից, գործազրկությունից և կոռուպցիայից: Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում ցուցարարները պահանջում էին Ադել Աբդել Մահդիի կաբինետի հրաժարականը: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության ուժերի հետ բախումների: