Երբ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին հետախուզման մեջ էր, խափանման միջոց կալանավորումը փոխել են ստորագրություն չհեռանալու մասին, իմ պաշտպանյալին էլ ՌԴ-ն չի հանձնել ՀՀ-ին. պաշտպան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը շարունակում է մնալ նախաքննության փուլում:
Tert.am-ը զրուցել է գործի վերաբացումից հետո վկայից մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստացած Սարգիս Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանի հետ: Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դադարեցնել իր պաշտպանյալ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Նախքան միջնորդությանն անդրադառնալը պաշտպանը ներկայացրեց գործի մանրամասները, համաձայն որի՝ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից:
«2014 թվականից գործով քննություն է անցկացվել իմ պաշտպանյալը հանդիսացել է որպես վկա, որովհետև նա ներկա է եղել դեպքին, և նրա մասնակցությունը եղել է ընդամենը հաշտեցնելն ու հանդարտեցնելը: Միջադեպին ներկա է եղել նաև տուժողի մայրը: Տուժողն ու տուժողի մայրն իրենց ցուցմունքներում նշել են, որ իմ պաշտպանյալը քաշում էր Սեդրակ Օսիպյանին, ասում՝ մի՛ արա, փորձում հանդարտեցնել նրան»,- պատմեց պաշտպանը:
Լուսինե Վիրաբյանի ներկայացմամբ՝ 2019 թվականին չգիտես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ըստ քննիչի, նոր երևան եկած մի քանի փաստերով մեղադրանք է առաջադրվել նաև իր պաշտպանյալին: «Այսինքն՝ գրեթե 5 տարի հետո քննություն տանելով՝ որոշել են, որ Սարգիս Հովհաննիսյանը նույնպես գործով մեղադրյալ է՝ խուլիգանության փաստով: Նույն օրվա որոշմամբ մեղադրանք է առաջադրվել ոչ միայն Սարգիս Հովհաննիսյանին, այլ նաև տուժողին և տուժողի եղբորը՝ էլի խուլիգանության փաստով»,- ասաց նա և նշեց, որ մեղադրանքը լղոզված է:
Ըստ պաշտպանի՝ երբ կարդում ես մեղադրանքը քննիչը ծայրից ծայր ներկայացնում է՝ Սեդրակ Օսիպյանը կատարել է այս արարքը, հայհոյել, քաշել, գցել է և այլն, իսկ հետո կարդում ես Սարգիս Հովհաննիսյանի մեղադրանքը: «Այսինքն՝ ամբողջը խոսվում է Սեդրակ Օսիպյանի մասին, մեղադրանքի վերջնամասում նշվում է, թե Սարգիս Հովհաննիսյանը տասը րոպե շարունակ անդադար հայհոյել է, գոռգոռացել, հասարակական կարգ է խախտել, ձեռքերով, ոտքերով հարվածել է իր հետ կռվողներին»,- ասաց նա:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը պնդել էր, որ Վալերիյ Օսիպյանը նեղ շրջանակներում ասել է՝ թող մի քանի տարի անցնի, երկու եղբորն էլ դատել եմ տալու:
Պաշտպանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ևս մեկ քրեական գործ է հարուցվել իր պաշտպանյալի մոր և եղբոր բողոքի հիման վրա, որով վերջիններս պնդել են, թե նախկին ոստիկանապետ Օսիպյանը սուտ ցուցմունք է տվել այս գործով: «Ես չեմ կարող այս պահին ասել, թե ինչ է տեղի ունեցել, համենայնդեպս տարածված կարծիք կար, որ սկզբից փորձել են ուղղորդել, որ Սարգիսն իր վրա վերցնի մեղադրանքը: Ես օբյեկտիվությունը պահպանելու համար չեմ կարող դրա հետ կապված որևէ բան ասել»,- նշեց նա:
Հարցին՝ ակնհայտ չէ՞, որ Վալերիյ Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելն այստեղ կապ ունի, Վիրաբյանը նշեց, թե չի ցանկանա, որ գործը քաղաքական աստառ ստանա: «Չկապելով գործը որևէ մի հնչեղ անվան հետ՝ գործ ունենք բառի բուն իմաստով իրավական անգրագիտության հետ, ու այն, ինչ կատարվում է այս գործով, կարող է շատ լավ ձեռնարկ լինել, անունն էլ դնեն՝ ինչ չի կարելի անել քրեական դատավարության շրջանակներում»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ապրիլին մեղադրանք է ներկայացվել Սարգիս Հովհաննիսյանին, հունիսի վերջին ինքը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը, ապա նույն միջնորդությունը ներկայացրել է դատախազություն, որը նույնպես մերժվել է:
«Իմ կողմից ներկայացված միջնորդությունը բաղկացած էր 17 թերթից, որում հատ առ հատ ներկայացրել եմ, որ մեղադրանքը հիմնավորող այս ապացույցները չեն կարող ապացույց հանդիսանալ: Ապացույցներից մեկը բերեմ՝ քննիչը նշել է հիմնավորող ապացույց դեպքի վայրից զննության արձանագրություն. եթե որևէ մեկը կարող է ինձ բացատրել, խուլիգանության հանցակազմը դեպքի վայրի զննության արձանագրությամբ ինչպե՞ս են ապացուցում, ես շատ շնորհակալ կլինեմ: Ոչ մի հստակություն չկա, թե Սարգիս Հովհաննիսյանն ո՞ւմ է հայհոյել և ո՞ւմ է խփել կամ այդ թեժ կռվի պահին ո՞վ էր ժամացույցը բռնած պահում ու տեսնում, որ 10 րոպե է տևել, թե տասը րոպեից ավել»,- ասաց նա։
«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ քննիչն այնքան է շտապել կամ այնքան վստահ է եղել, որ ջրի երես դուրս չի գա այդ ամեն ինչը, որ ապացույցների մեջ նշել է՝ մեղքն ապացուցվում է Սարգսի մոր՝ Սմբուլ Հովհաննիսյանի և եղբոր՝ Սամվել Հովհաննիսյանի ցուցմունքներով: Այսինքն՝ քննիչն ուզում է ասել, որ Սարգիսի մայրն ու եղբայրը Սարգիսի դեմ ցուցմունք են տվել, որով ապացուցվում է Սարգիսի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատարումը: Դրանից հետո Սարգսի մայրն ու եղբայրը Կառավարության դիմաց նստացույց են անում՝ արդարություն պահանջելով»,- ասաց պաշտպանը:
Լուսինե Վիրաբյանը չգիտի այն հարցի պատասխանը, թե ինչ դրդապատճառով է գործից 5 տարի հետո մեղադրանք առաջադրվել իր պաշտպանյալին: Նա նշեց, որ հարցի պատասխանն ինքն էլ կուզենար իմանալ, դեպքի վայրի զննության արձանագրությունը կատարվել է 2014 թվականի հունիսի 1-ին, ինչի հունիսի 2-ին այդ նույն արձանագրությունը չդրեցին մեղադրանքի հիմքում և այդ ժամանակ մեղադրանք չներկայացրին: Պաշտպանի համար շատ տարօրինակ է, որ գործի վաղեմության ժամկետից մեկ օր առաջ նոր մեղադրանք է առաջադրվում:
Դիտարկմանը՝ Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո գործը վերաբացվե՞ց, պաշտպանը պատասխանեց. «Որքան էլ չեմ ուզում կապել անունների հետ, բայց ամեն դեպքում քննիչն էլ ինձ հետ առանձնազրույցում ասել է՝ տեսնո՞ւմ եք, այնքան անաչառ ենք, որ ոստիկանապետի պաշտոնին նշանակվելուց հետո անգամ գործը վերաբացվեց: Դա անաչառության ցուցանի՞շ է. այս գործով որևէ մեկը թող չխոսի անաչառության մասին: Եթե մի դեպքում Սեդրակ Օսիպյանը կարող է լինել հետախուզման մեջ ու հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կարելի է խափանման միջոց փոխել, կալանավորումից՝ ստորագրություն չհեռանալու մասին, ինչո՞ւ մենք ամեն օր չենք տեսնում դա: Որևէ գործով ինձ ցույց տվեք մեղադրայլ, որը հետախուզման մեջ է գտնվում ու խափանման միջոց է փոխվում. այդ դեպքում իմ պաշտպանյալն էլ էր հետախուզման մեջ, ինչո՞ւ չեն փոխում կալանավորումը»,- հայտարարեց նա:
Ըստ պաշտպանի՝ ամիսներ առաջ իր պաշտպանյալին, որը հետախուզման մեջ է եղել և գտնվում է ՌԴ-ում, հայտնաբերել են, բայց ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել, քանի որ իրենց Քրեական օրենսգրքի համաձայն՝ դա մեծ հանցանք չէ և վաղեմության ժամկետներն էլ արդեն ավարտվել են: Նրա խոսքով՝ հիմա իր պաշտպանյալի հետախուզումը շարունակվում է, աշխատանքով պայմանավորված՝ նա միտում էլ չունի ներկայանալու և եթե չներկայանա, նոր գործողություն էլ չլինի, բնականաբար, կասեցվելու է գործը:
«Ամեն դեպքում այս պահին ես միջնորդությունը մուտք եմ արել դատարան. սա որպես լակմուսի թուղթ կարող է ծառայել: Խոսում ենք բարեվարքության կանոններից, դատարանների անկախությունից ու արդարությունից, այսինքն` սրա մասին խոսում են որոշակի շրջանակներ, բայց փաստաբանների համար դա այդքան էլ ակնհայտ չէ: Ընդհակառակը՝ մենք հակառակ դրսևորումներն ենք ամեն օր տեսնում, բախվում ենք հակառակ իրողության հետ, ամեն դեպքում թող դատարանը քննի ու հասկանանք՝ ի վերջո մենք ունե՞նք որևէ մեկ մարմնի կողմից կառավարվող դատարան, թե՞ արդարությունը հնարավոր է և վերականգնվի»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա շատ լավ հնարավորություն է, որ մարդիկ իրենց անունների շուրջ տարածված խոսակցությունները մաքրեն:
Դիտարկմանը՝ գուցե հիմա ինչ-որ բան փոխվի, իսկապես դադարեցվի Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, պաշտպանն ասաց, որ հույսը չի կորցրել: «Բայց ամեն դեպքում, եթե ապրիլի 2-ին դատավորը հարց տար ու ասեր՝ դեպքի վայրի զննության արձանագրությամբ ինչպե՞ս ես դու խուլիգանությունը հիմնավորում, մենք չէինք կանգնի սրա առաջ: Ես հիմա մեղադրում եմ քննիչին ու դատախազին, բայց իրենց մեղքն այդքան շատ չի, որքան կալանքի որոշում տված դատավոր Գագիկ Պողոսյանինը:
Եթե հանկարծ այդ միջնորդության քննությունը մակագրվեց իրեն հենց այդ հիմքով բացարկ եմ հայտնելու, որովհետև եթե ինքը չունենար շահագրգռվածություն և ունենար գործի նկատմամբ արդարադատություն իրականացնելու պատրաստակամություն, կալանքի միջնորդության ժամանակ կանդրադառնար նյութերին ու ոչ միայն կալանքը չէր բավարարի, այլ նաև կասեր՝ գործ եք սարքել, դուք ճակատագրեր են խեղվում»,- եզրափակեց նա:










