Մադուրոն հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Հյուսիսային Կորեա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ մոտ ապագայում կայցելի Հյուսիսային Կորեա, գրում է NK news-ը:
«Վստահ եղի՛ր, որ ես շատ շուտով Հյուսիսային Կորեա կմեկնեմ. դու արդեն հարթել ես ճանապարհը»,- երկրի Ազգային հիմնադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոյին ասել է Մադուրոն:
Ավելի վաղ Կաբելյոն այցելել էր ԿԺԴՀ և համաձայնագիր կնքել տեխնոլոգիաների, արդյունաբերության, պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտներում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերջերս նաև այցելել էր Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ընտրություններին երրորդ երկրների միջամտությունը:










