Թրամփը գոռացել է լրագրողի վրա Ուկրաինայի վերաբերյալ հարցի համար (տեսանյութ)

06:36 • 03.10.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել Reuters-ի լրագրողի՝ Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը:

Թրամփի ձայնը բարկությունից բարձրացել է, և նա ողջ զայրույթը թափել է լրագրողի վրա: Վերջինը հարցրել էր Թրամփին, թե ինչ է նա պահանջել Զելենսկիից, երբ իմացել է Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի՝ Ուկրաինայի հետ ունեցած գործարար կապերի մասին:

«Դա կեղծիք է, և դուք լավ գիտեք, թե ով է այդ կեղծիքը տարածում՝ Ձեր նմաններն ու մյուս «ֆեյքերը», որոնք կան այս երկրում», - պատասխանել է Թրամփը՝ բարձր ձայնով:

Նշվում է, որ հարցադրման ընթացքում Թրամփը լրագրողին խնդրել է կոպիտ չլինել և մի քանի անգամ փորձել է խուսափել հարցին պատասխանելուց:

Հիշեցնենք, որ Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը սկանդալ էր առաջացրել  ամերիկյան քաղաքական շրջանակում, որից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին: