Թբիլիսիում հազարավոր մարդիկ հավաքվել են հրաժեշտ տալու կոմպոզիտոր Գիա Կանչելիին

15:40 • 05.10.19

Թբիլիսիում մի քանի հազար մարդ է մասնակցել կյանքից հեռացած վրացի հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիի` Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում կայացած հրաժեշտի արարողությանը, գրում  է РИА Новости-ն:

84-ամյա Կանչելին մահացել է չորեքշաբթի տևական հիվանդությունից հետո:

Վաղ առավոտից չի դադարում սիրելի կոմպոզիտորին վերջին հրաժեշտը տալու ցանկություն ունեցող մարդկանց հոսքը: Ներկաների շարքում են Կանչելիի գործընկերները, կինոյի և թատրոնի դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ, խորհրդարանի, կառավարության անդամներ, ընդդիմադիր գործիչներ, հեռուստահաղորդավարներ, ինչպես նաև կոմպոզիտորի հազարավոր երկրպագուները:

Կոմպոզիտորին կհուղակավորեն Դիդուբի պանթեոնում:

«Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս մեծ մաեստրոյին` մարդու, ով երաժշտության մեջ կերտել է սեփական ոճը, ում ճանաչում է ողջ աշխարհը»,- լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն:

Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում վաստակավոր բժշկի ընտանիքում: Ավարտել է երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիա, որտեղ դասավանդել է 1970 թվականից ի վեր:

Կանչելին նաև շատ հայտնի խորհրդային ֆիլմերի երաժշտության հեղինակ է, այդ թվում` Գեորգի Դանիելիայի «Միմինո», «Կին ձա ձա», «Մի՛ տխրիր» և «Անձնագիր» ֆիլմերի:

Բացի վերը նշվածից` Կանչելին նաև մի շարք թատերական ներկայացումների երաժշտության հեղինակ է: Նշված ներկայացումների շարքում են «Ռիչարդ Երրորդը», «Համլետը», «Մակբեթը», «Բորիս Գոդունովը» և այլն:

Կանչելին մի քանի սիմֆոնիաների և նվագախմբային գործերի հեղինակ է: Իր «Միքելանջելոյի հիշատակին» 4-րդ սիմֆոնիայի համար 1976 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Արժանացել է նաև «Նիկա» մրցանակի «Կին ձա ձա» ֆիլմի երաժշտության համար, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է: