«Հայելի» ակումբի նկատմամբ իրականացված գործողություններն առերևույթ քաղաքական նպատակաուղղվածություն կարող են ունենալ. իրավաբան

20:13 • 05.10.19

Տարածված տեսանյութը, որն ակնհայտ է դարձնում «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված գործողությունները, առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքով լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմի հատկանիշներ: Այս մասին ArmNews FM-ի հետ զրույցում ասել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը` նշելով, որ հետագա քայլերի շարունակականության ապահովման տեսանկյունից պետք է հարուցվի քրեական գործ:

«Քրեական գործի շրջանակներում նախ պետք է պարզեն կատարած գործողությունների դրդապատճառները, շարժառիթները, որովհետև իրավական տեսանկյունից ինչքան էլ գնահատելու լինենք այս արարքը, ամեն դեպքում չենք կարող հաշվի չառնել կոնկրետ «Հայելի» լրատվական ակումբի ղեկավարի նկատմամբ, և, առհասարակ, նրա մերձավորների և ընտանիքի նկատմամբ վերջերս տեղի ունեցող գործողությունները»,-մեկնաբանել է իրավաբանը:

Նա հիշեցրեց է Անժելա Թովմասյանի քաղաքական հաղորդման փակումը և մինչև այս մի քանի լրատվական գործակալությունների դեմ իրականացված քաղաքական հետապնդումները`իրավական շղարշի ներքո. «Ես կարծում եմ, որ այս արարքը և դրա փաստ համարվող տեսանյութը վստահորեն փաստում են այն մասին, որ մենք գործ ունենք առերևույթ հանցագործության հետ, որը, անկախ նրանից` քաղաքական շարժառիթով, թե այլ դրդապատճառներից ելնելով է իրականացվել, պետք է ստանա արժանի իրավական գնահատական, այն է` քրեական գործի հարուցում և համապատասխան պատժի սահմանում և կիրառում»,-ասել է Ռոբերտ Հայրապետյանը:

Հարցին` իրավական հարթակում ինչ քայլերի կարող է դիմել լրատվամիջոցը, իրավաբանը պատասխանել է. «Կարող է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին և տրամադրել տեսանյութն ու իր ձեռքի տակ առկա բոլոր փաստական հանգամանքները, որպեսզի նախաքննության մարմինը հավուր պատշաճի իրականացնի քննություն, և անձինք պատասխանատվության ենթարկվեն»:

Հարցին`տրամաբանական չէ՞ր, որ տեսախցիկները կֆիքսեին այդ գործողությունը, այդ դեպքում ինչո՞ւ են երիտասարդները հարձակում կատարել, հնարավո՞ր է, որ գործողությունը կարող է անպատժելի մնալ, Ռոբերտ Հայրապետյանը պատասխանել է. «Եթե որպես ոչ իրավաբան փորձեմ մեկնաբանել այդ երևույթը, հնարավոր է, որովհետև էլի եմ ասում`չի բացառվում, որ օրինակ՝ նախաքննության մարմինը կարող է քննել տեսանյութը, ֆիքսել բոլոր գործողությունները և գտնել, որ չկան հանցակազմի հատկանիշներ:

Մենք ունենք լրատվական գործունեություն նկատմամբ իրականացված` առերևույթ անօրինական և առերևույթ ապօրինի դեպքեր, որոնք, ըստ էության, մնացել են անպատիժ և՛ քաղաքական դրդապատճառներով, և՛ անձնական ինչ-որ շահագրգռվածության տեսանկյունից, բայց որ «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ քաղաքական նպատակաուղղվածություն կարող են ունենալ, կարծում եմ` վարկած է, որը պետք է գոյություն ունենա»:

Հիշեցնենք՝ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։