«Վորլդ Վիժն Հայաստանը» երեսուն տարեկան է. կազմակերպությունն ամփոփում է կատարված աշխատանքը

16:04 • 05.10.19

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում  տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյա տարեդարձի տոնական միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, գործընկերներ։

Միջոցառման ընթացքում ելույթով է հանդես եկել  «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը՝ նշելով, որ բազմաթիվ հաջողությունների ու ձեռքբերումների հետ մեկտեղ, դեռ շատ չլուծված խնդիրներ կան․ երեխաներ, որ դեռևս ապրում են բռնության մեջ, երեխաներ, որոնք, կենսաբանական ընտանիք ունենալով հանդերձ, դեռ ապրում են խնամքի հաստատություններում։ «Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր երեսունամյակը, այլ սկսում ենք մի նոր նավարկություն, որի ընթացքում դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու»,-ասել է նա։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Վորլդ Վիժնի հետ համատեղ իրականացվող «Աղքատության փուլային հաղթարահարում» ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում արդեն 28 ընտանիքի հետ։ « Նպատակ ունենք ծրագրում ընգրկված ընտանիքների քանակը ապագայում հասցնել 40-ի, իսկ ժամանակի ընթացքում ավելի ընդլայնել ծրագիրը՝ հասնելով ընդհուպ Արցախ։ Այս ծրագիրն իսկապես թևեր տվող է», - նշել է Աննա Հակոբյանը։

Նախորդ տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ջանքերով շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 586 երեխա։ Կազմակերպությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում ծայրահեղ աղքատ 4000 ընտանիքների հետ։

Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել զարգացման ծրագրեր։

2000-ին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։

Վորլդ Վիժնն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում կամ ավելի քան 650000 երեխայի վերջին 30 տարվա ընթացքում։