Արմատները պետք է փնտրել երկրում տիրող մթնոլորտի, ընտրովի արդարադատության մեջ. «Այլընտրանքային նախագծերը»՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին
«Հայելի» ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:
Այն ներկայացնում ենք ստորև.
«Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշման փորձ։
Այս ամենի արմատները պետք է փնտրել երկրում տիրող մթնոլորտի, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու, ընտրովի արդարադատության, այլակարծության ցանկացած դրսևորում մերժելու մեջ։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է և բերելու է ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարման։
Անհրաժեշտ է միահամուռ կանխել նման անթույլատրելի ոտնձգությունները, այլապես սա կարող է վտանագավոր նախադեպ դառնալ և ունենալ բումերանգի իր էֆեկտը։
Հուսանք, որ այս դեպքում ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու»:
Հիշեցնենք այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։










