«Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք, բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու՝ անձամբ»․ Սամվել Ֆարմանյան

15:43 • 05.10.19

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է, որ հեռախոսազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն ասել է, թե նախապատրաստվում են նյութեր, գործ է հարուցվելու։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին: Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ` նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:

Իմ պատասխանն իրականության զգացումը կորցրածներին` վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք: Բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ»:

Ավելի ուշ Սամվել Ֆարմանյանը գրառում կատարեց ՀՔԾ հայտարարության վերաբերյալ։ Գրառումը՝ ստորև․

«Ծանոթացա ՀՔԾ-ի լավաշ-հայտարարությանը:

Դուք կարծում եք, թե քրոջս վրա գործեր թխելով ու կալանքով վախեցնելով (դուք ստեղ էլ չգրված օրենք եք խախտել) հասնելու եք նրան, որ ես քաղաքական իմ անելիքի հարցում տարուբերվե՞մ:

էսպես ասեմ, Ֆրեդը միևնույն է խոսելու է «հետևանքների», ոչ թե «արդյունքների» մասին: Գիտեմ` չհասկացաք: Բայց, ոչինչ, բնազդը կհուշի»:

 

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումն էր կատարել, որտեղ, մասնավորապես, հայտնում էր, որ մարզասրահում իրեն մոտեցել է ՀՔԾ քննիչ ներկայացող մեկն ու ասել, թե իր քրոջը կրկին կալանավորելու են։