Հրապարակված նյութն առիթ էր իշխանամերձ շրջանակների մաղձը ցուցադրելու համար. Ա. Աշոտյանը՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքի մասին
Հրապարակված նյութն առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքին:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև,
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։
Միշտ չէ, որ կիսում եմ ԶԼՄ-ների, այդ թվում ՀԱՅԵԼՈՒ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի և դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն և ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։
Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի և մամուլի ազատության բարձր մակարդակով։
Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության և ներառման մասին։
Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետևում նշմարվում են իշխանությունների ականջները»։
Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։










