Հոնկոնգի իշխանությունները դատապարտել են քաղաքում շարունակվող զանգվածային անկարգությունները

06:15 • 05.10.19

Հոնկոնգի կառավարությունը դատապարտել է ուրբաթօրյա զանգվածային անկարգությունները, որոնք շարունակվել են ցուցարարների համար դիմակներ կրելու արգելքի սահմանումից հետո, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Հոնկոնգի իշխանությունների տարածած հայտարարությանը:

«Անցած գիշեր անկարգությունների բազմաթիվ մասնակիցներ փակել են ճանապարհներ, վանդալիզմ են իրականացրել խանութներում, կառավարական հաստատություններում և մետրոյում, նետել են «Մոլոտովա» կոկտեյլներ ոստիկաննների, քաղաքացիների ուղղությամբ: Նրանք կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը և խոչընդոտել են մետրոյի աշխատանքը»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշ արմատականներ հարձակվել են ոստիկանի վրա, փորձել են խլել զենքը: Սպան ստիպված է եղել գործի դնել իր ծառայողական զենքը:

Ըստ աղբյուրի՝ անկարգությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում է ստացել 14-ամյա մի դեռահաս: Սակայն դեռևս պարզ չէ՝ նա վիրավորվել է ոստիկանի, թե ցուցարարի կողմից:

Ավելի վաղ, Հոնկոնգի իշխանությունն արգելել էր ցուցարարներին դիմակներ կրել, որոշումը ուժի մեջ էր մտել ուրբաթ կեսգիշերից:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: