Իրաքի վարչապետը չեղարկել է պարետային ժամը

05:28 • 05.10.19

Իրաքի վարչապետ և Զինված ուժերի գերագույն հրամանատար Ադել Աբդել Մահդին հրահանգել է չեղարկել երկրում հայտարարված պարետային ժամը: Որոշումն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 5: 00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին), Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al-Sumaria-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Բաղդադում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին երկրի իշխանությունները պարետային ժամ էին հայտարարել:

Ըստ աղբյուրի՝ որևէ տեղեկություն չի հաղորդվում, թե որ քաղաքում կամ նահանգում է պարետային ժամը չեղյալ հայտարարվում:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ցույցեր: Քաղաքացիները դժգոհում են կյանքի վատ պայմաններից, գործազրկությունից և կոռուպցիայից: Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում ցուցարարները պահանջում էին Ադել Աբդել Մահդիի կաբինետի հրաժարականը: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության ուժերի հետ բախումների:

Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել: Իրաքի մեծ մասում սահմանափակվել էր ինտերնետի հասանելիությունը, Բաղդադում պարետային ժամ էր հայտարարվել: Բողոքի ցույցերի ընթացքում, նախնական տեղեկություններով, զոհվել է 44 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, կան հարյուրավոր վիրավորներ: