Նորաշենի համայնքապետին ազատելու գործընթացը կեղծ է, մարզպետը պետք է վերանայի հրամանը. համայնքապետարանի ներկայացուցիչ (տեսանյութ)
Ես լավ առաջարկ ունեմ, թող Արարատի մարզպետը վերանայի նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու իր կարգադրությունը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորաշենի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը:
Նա նշեց, որ Նորաշենի արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի ազատման հրամանագիրը շուրջ 17 օր թաքցվել է իրենցից և թաքցվել է մարզպետարանի շենքում:
«Ես խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին՝ զբաղվեք այդ հարցով, վերանայեք այդ ամբողջը: Այստեղ կա մի կեղծ գործընթաց, որից հետո մեզ ասում են՝ դիմեք դատարան, կդիմենք դատարան, բայց դրա վերականգնման ճանապարհը ո՞նց եք տեսնում: Ես լավ առաջարկ ունեմ, թող մեր մարզպետը վերանայի իր կարգադրությունը»,- ասաց Վարդան Մինասյանը:
Նրա պնդմամբ՝ համայնքապետարանը բախվել է մի խնդրի, որից հետո չգիտեն իրենց հաջորդ քայլը: «Աշխատակազմը հրաժարվում է այս պայմաններում աշխատել, որովհետև երբ բացվեն համայնքապետարանի դռները, և սկսվի աշխատանքային ժամը, պետք է, իրենց ասելով, նախկին համայնքապետը գրանցի այդ նիստը: Լավ, ո՞վ է բերելու այդ որոշումը, մենք չենք տվել ձեզ կնքված, վավերացված արձանագրություն: Դուք՝ մարզպետարան, ձեր միջոցով որոշումն ուղարկել եք նախարարություն, դուք իրավունք չունեիք, եթե մենք ձեզ չենք ուղարկել, դուք ինչպե՞ս եք ուղարկել: Այդ փաստաթուղթը ոչ մի տեղ չի մուտքագրվել, ինչը մեծ խնդիր է: Նորայր Գրիգորյանն արձակուրդում է, միանգամից գալիս է նրա կարգադրությունը: Ո՞ւր է որոշումը, ո՞ւմ որոշման հիման վրա, ավագանո՞ւ, ավագանին կարող է որոշում տալ, եթե կա ավագանու 5 անդամի ստորագրություն, բայց այդտեղ չկա»,- ասաց նա և հավելեց, որ բացի մարզպետի հրամանից, գրված է ավագանու որոշում և այնտեղից բացակայում է նիստ բառը:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցրել է և համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին՝ իրենց կողմից ընտրված համանքապետին վերականգնել պաշտոնին:










