«Դեղին բաճկոնները» և բնապահպան ակտիվիստները բողոքի ցույց են իրականացրել Փարիզում
«Դեղին բաճկոններ» շարժման հարյուրավոր կողմնակիցներ և բնապահպանական կազմակերպությունների ակտիիվիստներ մասնակցել են Փարիզի հարավարևելյան շրջանում կազմակերպված շաբաթօրյա բողոքի ակցիաներին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ցույցերի ժամանակ «դեղին բաճկոնների», Extinction Rebellion բնապահպանական շարժման և «Երիտասարդությունը՝ հանուն կլիմայի» միավորման ներկայացուցիչները ներխուժել են Իտալիայի հրապարակում գտնվող առևտրի կենտրոն: Նրանք «Ոչ ասենք մոլորակի կործանմանը», «Վերականգնենք ռեսուրսները», «Վերջ անդրսահմանային ընկերություններին» գրություններով պաստառներ էին պատրաստել:
«Մենք եկել ենք այստեղ, որովհետև նման վայրերը, ինչպիսին սա է, արդյունաբերության խորհրդանիշն են, որ կործանում են կենդանի բնության աշխարհը»,- նշել է ցույցի մասնակիցներից մեկը:
Ցույցերի ընթացքում մի շարք բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև: Ցուցարարները շենքից հեռացել են միայն, երբ իրավիճակին միջամտել է ոստիկանությունը:










