«Թրամփը քայլում էր ինձ հետ Նյու Յորքի փողոցներով, գնում էինք թատրոն, ռեստորաններ, որովհետև բոլորն էլ սիրում են ասոցացվել հաջողության հետ». Սաակաշվիլի

13:49 • 05.10.19

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամեն տեղ պատմել է իր հետ ծանոթության մասին, գրում է apsny.ge կայքը:

Սաակաշվիլին այս մասին պատմել է Օդեսայում երիտասարդ շուկայագետների հետ հանդիպման ժամանակ:

«Թրամփը եկավ Բաթում և ասաց, որ այն շուտով կդառնա աշխարհի լավագույն քաղաքը: Նա այդ ամենն ինձ չի ասել, այլ ասել է ամերիկյան հեռուստատեսությամբ: Իսկ ինչո՞ւ նա եկավ: Ինչո՞ւ գովեց մեզ: Ժամանեց և ինձ էլ հրավիրեց հյուր իր տուն: Քայլում էր ինձ հետ Նյու Յորքի փողոցներով,  գնում էր ինձ հետ թատրոն և ռեստորաններ, որովհետև բոլորն էլ սիրում են ասոցացվել հաջողության հետ»,- ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ Թրամփը նախագահի թեկնածու էր և ցանկանում էր, որ իր անունն ասոցացվի հաջողության հետ:

«Նա ամեն տեղ ասում էր. «Ես ճանաչում եմ Սաակաշվիլուն, ինչ լավն է Սաակաշվիլին: Ես եկել եմ Բաթումից, որն աշխարհի ամենալավ քաղաքն է: Նրանց մոտ ամենալավ կրթական և հարկային համակարգն է»,-պատմել է Սաակաշվիլին Օդեսայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: