«Հայելի» ակումբի վրա հարձակումն այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ «Հայելի» ակումբի վրա հարձակումը այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Խոսեցի Անժելա Թովմասյանի հետ, խնդրեց փոխանցեմ բոլորիդ, որ այսօրվա դեպքը նա համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի և մամուլի նկատմամբ և կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել տեսանյութում առկա անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:
Հայելի ակումբի վրա հարձակումը այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը: Ընդհանրապես մամուլի վրա հարձակումները արդեն բարձրակետին են հասնում և ես վստահ եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանի լակոտախմբերը ավելի ինտենսիվ սադրանքների և հարձակումների են անցնելու:
Որպես ՀՀ քաղաքացի, որպես «ՔԳ» ՀԿ ղեկավար խստորեն դատապարտում եմ ցանկացած հարձակում ընդդեմ ցանկացած ԶԼՄ-ի և ազատ խոսքի: Միևնույն ժամանակ կրկնում եմ բազմիցս հնչեցրած կոչը` հնարավորինս ԶԻՆՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ միջոցներով, նմանատիպ հարձակում իրականացնողներին պարտադիր պետք է մաքսիմալ ֆիզիկական վնաս հասցնել: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր գրասենյակները, տները և գույքը, Նիկոլն ավելի հեռուն է գնալու»,-գրել է նա:
Հիշեցնենք այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։










