Հայկ Մարությանը և Թբիլիսիի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցեր

21:40 • 05.10.19

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։

Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաք Թբիլիսիի տոնի կապակցությամբ։ Քաղաքապետերը քննարկել են նաև երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրերը։

Օգտվելով առիթից՝ Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի են զարգանալու՝ բոլոր ուղղություններով։