ՀՀ ոստիկանները մարդու օրգանի ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

14:46 • 07.10.19

Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաեւ նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Միջոցառումներին մասնակցել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվել է ներգրավված անձանց ինքնությունը։ Միջոցառման այդ փուլում սերտ համագործակցություն է ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ։ Դրա արդյունքում էլ պարզվել է, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել։

Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։ Նշված հանգամանքը հավաստել է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությամբ։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 125-րդ պրիմ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը։ Քրեական գործի շրջանակներում տվյալ անձը հրավիրվել է ոստիկանություն եւ ցուցմունք տվել, որ իրոք երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ։

Նրա կազմակերպմամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու եւ ըստ ցուցմունքի հերթական անգամ այդպիսի բժշկական հետազոտություն կազմակերպելու նպատակով իրեն տեղափոխել են եվրոպական երկիր և այնտեղ արդեն օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ նրան ենթարկել են վիրահատության , ինչի միջոցով էլ վերցրել են երիկամը։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այս հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունները պարզվել են․միջոցառումները շարունակվում են հանցագործության հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։