Մեր երկրում ՏՏ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ 5 անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում. վարչապետը ելույթ ունեցավ ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի բացմանը
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշեց, որ մեզ համար մեծ պատիվ է այսպիսի համաժողով հյուրընկալելը: «Այն շատը լավ առիթ է ձեզ և ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու՝ մեր ռազմավարության մասին և ես հույս ունեմ, որ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան և մթնոլորտը, որ մեր երկրին համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն և ահա, քաղաքական այս հեղափոխությունից հետո, այժմ գտնվում է տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ:
«Մենք տնտեսական հեղափոխության միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով ու նպատակներով, ամբիցիաներով: Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է արձանագրում, այս տարի ունենք տուրիզմի 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաև տեխնոլոգիական ապրանքերի արտահանումը. առաջին 7 ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքներինը՝ 34.4 տոկոսով»,- ընդգծեց նա:
Վարչապետի խոսքով սա՝ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության և հնարավոր կլինի Հայաստանը դարձնել տեխնոլոգիական նորարարական երկրներից մեկն աշխարհում: «Այս նպատակը մեզ հասանելի, նաև՝ իրատեսական է թվում այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են»,- ասաց նա և թվեց մի շարք հայ հեղինակների, որոնք տեխնոլոգիական նորարարությունների հեղինակներ են:
«Օրինակ՝ 1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանն ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով` նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխության իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում: 1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանն ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այդ կանաչը մինչև հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն, 1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանն ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը, 1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանն ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը»,- նշեց նա:
Թվելով ևս մի շարք հայազգի տեխնոլոգիական նորարարություններ ստեղծողների՝ Փաշինյանը հավելեց, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում մի շարք հայեր լրջագույն հաջողություններ են գրանցում, ինչն էլ մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանը իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարևոր կետերից մեկն աշխարհում:
«Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ. որպես արդյունք՝ մեր երկրում ՏՏ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ հինգ անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում: Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը և ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:










