Հասունացած ագրեսիվ տրամադրվածություն էր, և այդ վերնագիրն առիթ էր՝ բացասական արձագանքը պարպելու համար. Իվետա Տոնոյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին (տեսանյութ)

12:07 • 07.10.19

Այսօր լրագրողների հետ հադիպմանը, անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա հարձակման միջադեպին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ մեղավորները պետք է բացահայտվեն և համապատասխան պատիժ կրեն:

«Որպես նախկին լրագրող և ներկայիս խորհրդարանի անդամ՝ ես խստորեն դատապարտում եմ այդ երևույթը: Որևէ դեպքում չի կարող լրատվամիջոցի վրա հարձակումը ունենալ արդարացում»,- ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքը և լրատվամիջոցի ազատ գործունեություն իրականացնելու իրավունքը այլընտրանք չպետք է ունենա: «Իրավապահ մարմինները պետք է ամենասեղմ ժամկետներում համարժեք արձագանք տան այս գործողություններին: Մեղավորները պետք է բացահայտվեն և համապատասխան պատիժ կրեն: Ես տեսել եմ տեսանյութը և կարծում եմ, որ այդտեղ ավելի հասունացած ագրեսիվ տրամադրվածություն էր, և այդ վերնագիրը պարզապես համապատասխան առիթ է հանդիսացել բացասական արձագանքը պարպելու համար»,- նշեց Տոնոյանը: