Թուրքիայում կարող է Կանանց հարցերով նախարարություն բացվել

10:50 • 07.10.19

Թուրքիայում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 29-րդ խորհրդակցական ժողովը, որը փակ է եղել մամուլի համար, գրում է «Յենի աքիթ» լրատվականը:

Ըստ աղբյուրի՝ խորհրդաժողովի ժամանակ, ի թիվս այլնի, քննարկվել են նաև Թուրքիայում ընտանիքներում տեղի ունեցող վեճերն ու կանանց իրավունքների պաշտպանության հարցերը:

Մասնավորապես, կուսակցության անդամ պատգամավորները նշել են, որ Թուրքիայում ընտանեկան վեճերի արդյունքում առավել շատ տուժում են տղամարդիկ, և որ Ընտանեկան հարցերով նախարարությունը Թուրքիայում դարձել է կանանց հարցերով նախարարություն:

Էրդողանը հակադարձել է և նշել, որ ներկայում Ընտանեկան հարցերով նախարարության լիազորությունների մեջ է մտնում նաև կանանց իրավունքների պաշտպանությունը, սակայն շուտով Թուրքիայում նախարարությունների թիվը կարող է ավելանալ, և այդ դեպքում կստեղծվի նաև Կանանց հարցերով նախարարություն: