Եթե վրաց իշխանությունները չարձագանքեն Դավիթ Գարեջիի տարածքում Ադրբեջանի կողմից նոր սահմանային կետ բացելուն, հանրության դժգոհությունը կուժգնանա. փորձագետ
Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է որոշակի միջոցառումներով, գործողություններով ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` անդրադառնալով Դավիթ Գարեջիի տարածքում Ադրբեջանի կողմից նոր սահմանային կետ բացելուն:
«Կարծում եմ, որ սա ինչ-որ առումով ճնշում է Ադրբեջանի կողմից, գուցե որոշակի զիջումներ են ակնկալում Վրաստանից սահմանագծման այդ հատվածի հետ կապված»,- ասաց նա:
Ալիկ Էրոյանցը նշեց, որ հատկապես վերջին տարիներին այս թեման ակտուալ է դարձել: «Տեսնում ենք, որ սա առաջացնում է հանրության լայն զանգվածի դժգոհությունը: Իհարկե, սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական շփումների առումով երկրները բավականին հեռացել են միմյանցից, և արդեն քանի ամիս է՝ այդ խնդիրը շահարկվում է տարբեր առիթներով: Թերևս Վրաստանի իշխանությունները այս պարագայում չեն կարողանում լուծում գտնել, ինչը լայն հանրության դժգոհությունն է առաջացնում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ այս սահմանային կետի բացումը անարձագանք չի մնա Վրաստանի իշխանությունների կողմից:
Փորձագետը նկատեց, որ վրաց-ադրբեջանական քաղաքական շփումները ոչ միայն թուլացել են, այլ նաև նախկին ջերմությունը չունեն, ինչը հատկապես Սաակաշվիլու իշխանության տարիներին էր: «Եթե Վրաստանի իշխանությունների կողմից համապատասխան արձագանք չլինի, ապա կարծում եմ, որ իշխանության նկատմամբ հանրության դժգոհությունը ավելի կուժգնանա»,-նկատեց նա:










