«WCIT-2019»-ին մասնակցելու համար Հայաստանում գտնվող նախարարները այցելել են «Դիջիթեք էքսպո»

17:48 • 07.10.19

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող մի շարք երկրների նախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ (Բրազիլիա, Մալազիա,  Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Իրաք, Բելիզ,  Բանգլադեշ, Աֆղանստան, Պենանգ) հոկտեմբերի 7-ին այցելել են «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացրել ցուցահանդեսի ստեղծման և զարգացման պատմությունը, ձեռքբերումները։ Նա նշել է, որ «Դիջիթեք էքսպո 2019»-ը հոբելյանական է, ցուցահանդեսն առաջին անգամ մեկնարկել է 15 տարի առաջ՝ 2004թ.։ Այդ տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների թիվը կտրուկ աճել է. 4000-ից այսօր արդեն հատել է 100 հազարի սահմանագիծը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ՝ նախարարները և պատվիրակությունների ղեկավարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքին և ծառայություններին, մանրամասն տեղեկություններ ստացել իրենց հետաքրքրող մի շարք պրոդուկտների վերաբերյալ՝ նպատակ ունենալով դրանք իրենց երկրներում  ներդնել։
Նախարարական այցի շրջանակներում երկկողմ հուշագիր է ստորագրվել Եթովպիայի և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջև, որի համաձայն 51 «ԱրՄաթ» լաբորատորիա կներդրվի Եթովպիայի դպրոցներում:

Տեղում «ԱրՄաթ»-ի հետ համագործակցության, նրանց փորձը տեղի դպրոցներում կիրառելու մտադրություն է հայտնել նաև Աֆղանստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ինչի արդյունքում ստորագրվել է հուշագիր՝ համագործակցության մտադրության մասին։

Կիսվելով իրենց տպավորություոններով՝  հյուրերն ընդգծել են, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անչափ տպավորիչ է։ Այսքան տաղանդավոր երիտասարդներ մեկ տեղում՝ խոսում է երկրի տեխնոլոգիական ոլորտի մեծ ներուժի և ապագայի նվաճումների մասին։