Կոսովոյում Հաշիմ Տաչիի իշխող կուսակցությունը պարտվում է խորհրդարանական ընտրություններում

10:19 • 07.10.19

Վերջին տասը տարում մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում նախագահ Հաշիմ Տաչիի իշխող Ժողովրդավարական կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին են վկայում ընտրատեղամասերի 96%-ի հաշվարկված ձայները, գրում է РИА Новости-ն:

Արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 6-ին: Մասնակցությունը կազմել է 43,2%:

Ներկա դրությամբ հաղթում է «Ինքնորոշում» ծայրահեղական շարժումը, որին աջակցել է ընտրողների 25,77%-ը: Առաջատարի հետ գրեթե հավասար ձայներով մրցակցում է ընդդիմադիր չափավոր ռեֆորմիստական «Կոսովոյի ժողովրդավարական միություն» կուսակցությունը՝ 25,05% ձայներով:  

Կոոսովոյի ժողովրդավարական կուսակցությունը ստացել է ձայների ռեկորդային ցածր՝ 21,16%-ը: Հենց նրանք, 2007 թվականին իշխանության գալով, Կոսովոն հռչակեցին անկախ պետություն:

«Կոսովոյի ապագայի համար դաշինք»-ը ստացել է ձայների 11,62%-ը:

Չափավոր ռեֆորմիստական «Կոսովոյի ժողովրդավարական միություն», «Ինքնորոշում» և իշխող կուսակցությունների առաջնորդները հայտարարել են իրենց հաղթանակի մասին:

Ինչպես «Ինքնորոշում» շարժումը, այնպես էլ ռեֆորմիստները պատրաստակամություն են հայտնել բանակցություններ սկսել Սերբիայի հետ՝ երկու պետությունների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: