Աննա Հակոբյանը հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը

10:39 • 08.10.19

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։

Տիկին Մուրտին  պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարևորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։  «Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարևոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։ Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն և աշխատանք։

Աննա Հակոբյանն էլ  պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակների և առաքելության մասին։