Յակուտիայում թոշակառուն հեռախոսային խաբեբաների դրդմամբ նրանց հաշվին է փոխանցել իր խնայողությունները` 1 մլն ռուբլի

13:52 • 08.10.19

Յակուտիայում թոշակառուն հեռախոսային խաբեբաների դրդմամբ նրանց հաշվին է փոխանցել իր խնայողությունները` 1 միլիոն ռուսական ռուբլի, գրում է РИА Новости-ն:

ՌԴ ՆԳՆ Յակուտիայի կառույց է դիմել 70-ամյա մի տղամարդ` հայտարարելով, որ խարդախության զոհ է դարձել:

Տուժողն իրավապահ մարմիններին հայտնել է, որ իրեն է զանգահարել ոմն տղամարդ, ով ներկայացել է որպես բանկի անվտանգության ծառայության աշխատակից`հաղորդելով, որ թոշակառուի հաշվին «շարժ» է նկատվել և հաշվից արդեն 180 հազար ռուբլի գումար է հանվել:

Քանի որ զանգի ժամանակ տանը եղել են միայն թոշակառուն և նրա կինը, որոնք խուճապի մատնվելով` որևէ այլ անձի հետ չեն խորհրդակցել, հանցագործին հաջողվել է խաբել տարեցներին: Չարագործը ծեր ամուսիններին խորհուրդ է տվել երկու այլ հաշվի փոխանցել 500 հազարական ռուսական ռուբլի:

Թոշակառուն ասել է, որ նշված փոխանցումը կատարելու համար նրան անհրաժեշտ է լինելու այցելել բանկ, քանի որ չգիտի` ինչպես են առցանց գործարքներն իրականացվում: Հանցագործը թոշակառուի համար նույնիսկ տաքսի է պատվիրել` հավաստիացնելով, որ բանկը կհոգա տաքսի ծառայության ծախսը: Թոշակառուն այսպես բանկ է հասել, որտեղ էլ հանցագործների կողմից նշված հաշիվներին գումար է փոխանցել:

Հանցագործը տեսնելով, որ թոշակառուն «խայծը կուլ է տվել»` հորդորել է հաղորդել իրեն այլ կոմերցիոն բանկի հետ կնքած պայմանագրի համարը: Պարզվում է` հանցագործներն ինչ-որ կերպ իմացել են, որ թոշակառուն տվյալ բանկում 1990-ական թվականներից պահում է իր մնացյալ խնայողությունները:

Հաշվի առկայության մասին նախկինում իմացել է միայն տուժողի կինը:

Այս ամենը լսելով` տղամարդու մոտ սկսել են կասկածներ առաջանալ, և նա սկսել է հարցեր տալ: Այստեղ հանցագործը սկսել է սպառնալ, որ եթե նա չասի պայմանագրի համարը, 1 միլիոնը նրան ետ չի վերադարձնի: Այսպիսով՝ թոշակառուն հասկացել է, որ նրան խաբել են և դիմել է ոստիկանություն:

Այս պահին ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: