Թրամփը հայտնել է, որ բացարձակապես չի անհանգստանում Ուկրաինայի հարցով երկրորդ իրազեկիչի ի հայտ գալու առնչությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բացարձակապես մտահոգված չէ հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի գործով ամերիկյան հատուկ ծառայություններում երկրորդ իրազեկիչի ի հայտ գալու առնչությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը, գրում է korrespondent.net-ը:
«Ամենևին ո´չ (չեմ անհանգստանում), քանի որ զրույցը (Զելենսկու հետ) գերազանց էր: Այս ամենը դեմոկրատների կողմից խաբեություն է, որոնք փորձում են հաղթել 2016 թվականին պարտություն կրած ընտրություններից հետո: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ սա խաբեություն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Ընդ որում, նա վերստին ընդգծել է, որ զրույցի ընթացքում ոչ մի ճնշում չի գործադրել իր զրուցակցի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:










