«Սանիթեքը» մատակարարող 27 ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, և քաղաքապետի՝ պայմանագիրը միանձնյա լուծարելու պատճառով այդ մատակարարները փակուղու առաջ են. Ս. Աղեկյան
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականացրեց, որն անվանել էր «Երևանի քաղաքային իշխանության անհեռատես քաղաքականության հետևանքներից հետևանքները»:
«Ողջ ամռան ընթացքում մենք ապրեցինք աղբի ու գարշահոտության մեջ: Խնդիրն այն էր, որ պատկան մարմինը, ըստ Տեղական ինքնակառավարման մարմնի մասին օրենքի՝ Երևանի քաղաքապետը և ավագանին, պատշաճ չէին կարողանում կատարել իրենց վերահսկողական լիազորությունները և վերահսկել այն ընկերությանը, որն իրականացնում էր աղբահանությունն ու սանմաքրումը մեր քաղաքում»,- նշեց Աղեկյանը:
Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում, երբ բարձրաձայնում էին խնդիրը և պահանջում լուծարել պայմանագիրը հնարավորինս անցնում բոլորի համար, հասկանում էին, որ փորձի և կամքի բացակայության պարագայում քաղաքապետը չի կարող լուծարել այն: Նա հավելեց, որ արդյունքում քաղաքապետն անհեռատեսորեն միանձնյա կերպով լուծարեց պայմանագիրը:
Աղեկյանի խոսքով՝ քաղաքապետի այդ քայլը մի շարք հետևանքներ առաջացրեց: Առաջին՝ «Սանիթեք» ընկերության թվով 930 աշխատակից հայտնվել է փակուղու առաջ և չի ստանում իր աշխատավարձը, սակայն «Այլընտրանքային քաղաքապետարան»-ի թիմի և ՀՀ կառավարության կողմից կազմված օպերատիվ օգնությամբ խնդիրը կարգավորվեց:
«Այժմ մենք կանգնած ենք այլ խնդրի առաջ: ՀՀ հարկատուներ հանդիսացող թվով 27 փոքր, միջին և խոշոր հարկատու մատակարարներ մատակարել են «Սանիթեք» ընկերությանը ցախավելներ, տոպրակներ, ավտոպահեստամասեր և այլ ապրանքներ: Նկատի ունենալով, որ «Սանիթեք» ընկերությունը աշխատելու է միջինը 2024 թվականը, նրանք էլ իրենց հերթին պայմանագրային պարտավորվածություն են ձեռք բերել այլ ընկերությունների հետ, և այժմ պայմանագիրը միանձնյա լուծարելու պատճառով փակուղու առաջ են կանգնել»,- նշեց նա:
Աղեկյանը նշեց, որ քաղաքապետը պարտավոր է հնարավորինս շուտ կազմել հանձնաժողով, որտեղ ներկայացված կլինեն համապատասխան մարմիններ, ովքեր կկարողանան խնդիրը լուծել:
«Այս պահին մատակարարները դիմել են «Երևանի Այլընտրանքային քաղաքապետարան»-ին, և մենք մեր հերթին գրավոր դիմում ենք ներկայացրել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը, որպեսզի այսօր Երևանի ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնեն խնդիրը, և պարոն քաղաքապետը պատասխանի, թե որքան ժամանակ է նրան պետք, որպեսզի նա վճարի իր պարտավորությունները մատակարարներին» ,- նշեց նա:










