Գեորգի Ասատրյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով. նախագահի աշխատակազմ

14:34 • 08.10.19

Գեորգի Ասատրյանը չի նշանակվել Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական կամ հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական, այլ՝ նախագահի խորհրդատու: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Գեորգի Ասատրյանը հայտնի վերլուծաբան է՝ մասնագիտացած Կենտրոնական Ասիայի և հարավկովկասյան տարածաշրջանի հարցերում: Նա նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ իր մասնագիտական հարցերով, հասարակական հիմունքներով, որը չի հանդիսանում պետական պաշտոն, չի ենթադրում որևէ վարձատրություն, ինչպես նաև՝ նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ»,-հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ դիվանագիտական շրջանակներից հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակվել է ՌԴ քաղաքացի Գեորգի Ասատրյանը:

Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, մասնագիտացած է Աֆղանստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի՝ Մերձավոր արևելքում հակաահաբեկչական գործողությունների ուղղություններով: Նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Աֆղանստանում 2001-2008 թվականներին ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործունեության մասին, նրա գիտական ղեկավարը եղել է ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Վասիլի Խրիստոֆորովը: