Ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում են. հարցը ներկայացնելու ենք միջազգային կառույցներին. իրավապաշտպանները՝ Նորայր Փանոսյանի գործի մասին

12:59 • 08.10.19

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում:

Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ վաղուց Հայաստանում մարդուն չեն հետապնդել իր կապերի համար: Նա նշեց, որ Նորայր Փանոսյանը Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության վարչության պետն է եղել և նրան մեղադրանք է առաջադրվել լիազորությունները չարաշահելու համար:

«Ունենք դեպք, երբ ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում են»,-ասաց նա  և նշեց, որ գործում չկա որևէ նկարագրություն, թե ինչ է արել պարոն Փանոսյանը: Այսպիսով, նա ասաց, որ խոսքը նոտարական գրասենյակի սեփականաշնորհման մասին է, որը քաղաքապետարանը փորձել է վաճառել, սակայն նոտարները պահանջել են իրենց տրամադրել, բայց դատարանը վճռել է, որ  նոտարները որևէ իրավունք չունեն այդ տարածքի նկատմամբ: Արդյունքում քաղաքապետարանը աճուրդով վաճառել է այդ տարածքը, իսկ գնորդը Փանոսյանի քեռու որդին է եղել և վճարել 160 հազար դոլար, այնինչ նոտարներին առաջարկել են ութսուն հազար դոլարով գնել:

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ այս գործի աբսուրդը հաստատվեց դատական ակտով, և Նորայր Փանոսյանը կալանավորվել է: «Հավատացեք, այդ դատական ակտերը վատագույն տրադիցիան են հիշեցնում, որ երբ պարզապես միայն մարդու անուն և ազգանունն է փոխվում, նրան կալանավորում են: Սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի անձի նկատմամբ, որը որևէ քաղաքական, հասարակական ակտիվություն չի ցուցաբերել: Ես համոզված եմ, որ այլ նպատակ կա, քրեական գործն ամբողջությամբ դատարկություն է, զրո է»,-ասաց նա և նշեց, որ բոլոր նյութերում կարմիր գծով անցնում է մի հարց, թե ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը այս ամենի հետ: Նա նշեց, որ եթե Նորայրը ընդունի իր մեղքը, ապա արագացված կարգով դատաքննություն կընթանա, կհամաներվի և կազատվի: Նա տեղեկացրեց, որ քսան միլիոն դրամ գրավ են միջնորդել, սակայն դատարանը միջնորդությունն անտեսել է:

«Մենք ունենք ռեպրեսիվ, անմարդկային իրավապահ համակարգ: Նման ցինիկ մոտեցում ես չեմ տեսել: Մենք ունենք այսօր այդպիսի երկիր, որ դու կարող ես նստել, քանի որ որևէ մեկի ընկերն ես»,-ասաց նա:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ներկայացնում է այն բոլոր փաստերը, որոնց ցույց են տալիս, որ այդ ամենն արվում է Հրայր Թովմասյանի դեմ: «Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի սեփականություն հանդիսացող թերթը, երբ հրապարակում էր այս տեղեկությունը վերնագրել էր, թե Հրայր Թովմասյանի սանիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հրապարակվել էր Հրայր Թովմասյանի նկարը:  Այս ամենին ողջամիտ բացատրություն չկա, քան այն, որ սա Հրայր Թովմասյանի նկատմամբ հետապնդում է: Մենք այստեղ գործ ունենք հատուկ մոտեցման հետ, ընդհանուրից տարբերվող մոտեցման հետ, և դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով»-ասաց նա;

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ակնհայտ է, որ այստեղ մենք գործ ունենք քաղաքական բովանդակություն ունեցող հետապնդման հետ: «Մենք այս հարցը միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու ենք, դա ցավով ենք անում, բայց ստիպված ենք, քանի որ մեր ներպետական ընթացակարգերը բարձր արդյունավետությամբ օժտված չեն»,-ասաց նա: