Երկակի ստանդարտներ չկիրառենք՝ մի քաղաքական հասարակության դեմ կատարվող արշավը դատապարտենք, մյուսինը՝ ոչ, մի ԶԼՄ-ին-ը դատապարտենք, մյուսինը՝ ոչ. Զոհրաբյանը՝ Մալյանի և «Հայելիի» միջադեպերից

12:59 • 08.10.19

Եվրոպայի խորհրդի բազմաթիվ երկրներ, որոնց թվում նաև Գերմանիան, Ֆրանսիան հիմա կանգնած են լրջագույն խնդրի առաջ, և իրենք ևս փորձում են գտնել նուրբ սահմանագիծը` ինչպես բերել օրենք, որ անպատասխանատու վիրավորանք, մարդու անձնական մտնող պիղծ հայտարարությունները պատասխանատվության ենթարկվեն, որոշ դեպքերում էլ` քրեական պատասխանատվության: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: 

Նա հարցրեց, թե ինչպե՞ս տանել այդ նուրբ սահմանագիծը, որ դա որևէ կերպ չվտանգի խոսքի ազատությանը: «Եթե մենք մեր խորհրդարանում կարողանանք այդ ձևակերպումը գտնել, ես կլինեմ առաջինը, որ երկու ձեռքով կողմ կլինեմ, որովհետև այն, ինչ արվեց ինձ հետ Երևանի ավագանու ընտրության ժամանակ ... եթե ինձ վիրավորեին, դա... բայց  իմ երեխային, իմ մահացած հորը, իմ մորը... հիշում եք, և շատերը, հիմա անուններ չտամ, մասնակից են եղել այդ անբարո, անպարկեշտ արշավին»,- շեշտեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ անգամ այդ ժամանակ ինքը չի մտածել, որ պետք է օրենքով արգելել խոսքի ազատությունը. «Որովհետև որպես նախկին լրագրող ինձ համար խոսքի ազատությունը բարձագույն արժեք է, բայց ես ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք: Երբ մեկ քաղաքական հասարակության դեմ կատարվողը դատապարտենք, իսկ մյուսինը՝ ոչ, մի լրատվամիջոցի հանդեպ, դատապարտենք, մյուսինը՝ ոչ»,- նշեց Զոհրաբյանը և շնորհակալություն հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, որը դատապարտել էր «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:

Նաիրիա Զոհրաբյանը շեշտեց՝ արդարադատությունն ընտրովի չպիտի լինի: «Եթե ասելու ենք՝ սա մեր լրատվամիջոցն է, դատապարտենք, իսկ մյուսին ասենք՝ հասնում է, որովհետև այս բառը չակերտների մեջ է գրվել, կամ թե սա մեր քաղաքացիական հասարակությունն է, որը ֆինանսավորվում է «իքս» տեղից, որից մենք էլ ենք ֆինանսավորվում, իրենցը դատապարտենք, իսկ որ մեկին վերցնում, գցում են աղբարկղի մեջ, ոչ»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ երեկ հանձնաժողովի բոլոր անդամներն էլ ստացել են ՎԵՏՕ-ի անդամի տեսանյութը: «Ինձ, ձեզ էլ թագ են արել, որ «Ռեստարտի» անդամները վերցնում և մարդուն գցում են աղբարկղը, հիմա տիկի՛ն Աբրահամյան, սա դատապարտելի՞ է, թե՞ ոչ: «Հայելի» լրատվամիջոցի դեմ արվածը դատապարտելի՞ է, թե՞ ոչ»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ իր նկատմամբ իրականացված առևանգման փորձի տեսանյութը:

Մալյանը նշել էր, որ առ այս պահը որևէ իրավապաշտպան կազմակերպություն պաշտոնապես չի դատապարտել այդ հանցագործությունը և հրապարակել էր իր նկատմամբ իրականացված առևանգման փորձի տեսանյութը:

Զոհրաբյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ նշելով, որ 4-ին տեղի ունեցած դեպքի մասին թե՛ ինքը, թե՛ պատգամավոր Մարիա Կարապետյանը հենց նույն օրը հայտարարություն են տարածել դեպքի առթիվ: «Ասել, որ չենք արձագանքել, անարդար է: Այն արարքները, որոնց շուրջ կա հարուցված գործ, հնարավորինս պետք է զերծ մնանք գնահատական տալուց, որովհետև իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով»,- ասաց նա:

Ղազարյանն ասաց, որ այս նիստը հրավիրել են՝ խոսելու այն արարքների մասին, որոնք, ըստ էության, քրեականացված չեն, բայց ստեղծում են ատելության մթնոլորտ և համերաշխության մթնոլորտն են խաթարում: