Ուկրաինայի նախագահի գրասենյակը Զելենսկիին Լատվիայի փոխարեն Լիտվա է «ուղարկել»

02:37 • 17.10.19

Ուկրաինայի նախագահի գրասենյակը Զելենսկիի արտասահմանյան պաշտոնական այցը լուսաբանելիս շփոթել է Լիտվան և Լատվիան, հաղորդում է Корреспондент-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում լրատվական ծառայությունը Լատվիան, որտեղ պաշտոնական այցով գտնվում է Վլադիմիր Զելենսկին, անվանել է Լիտվա: Սխալը նկատել են սոցիալական ցանցի օգտատերերը:

«Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն. լավագույն կադրերը»,- նշված է եղել ֆեյսբուքում տարածած հաղորդագրության մեջ: Միաժամանակ, սակայն, լուսանկարում երևացել են Լատվիայի դրոշները:

20 րոպե անց սխալն ուղղվել է, և ֆեյսբուքյան էջում հայտնվել է երկրի ճիշտ անվանումը:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Ռիգա, որտեղ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ: