Պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. ծառայությունից խուսափելու համար երկիրը լքած քաղաքացին կվճարի 10 մլն դրամ և կծառայի 1 ամիս

20:42 • 28.11.19

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Պատգամավորը նշում է որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում են նրանք, ովքեր հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, արտագաղթում են և իրենց հետ տանում իրենց ընտանիքի անդամներին և ֆինանսական միջոցները, և այդպիսով առաջարկում է սա կասեցնելու համար այլընտրանքային ծառայության հնարավորություն ստեղծել. անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության:

Ըստ նախագծի՝ այդ քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսվա ընթացքում նման զինծառայողները պետք է սովորեն զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվեն կոնկրետ զորամասում, տան զինվորական երդում և պարտավորվեն ներկայանալ զորահավաքներին:

Պատգամավորը նաև առաջարկում է, որ եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել  ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարի հաշվարկը կատարվել է՝ հաշվի առնելով պաշտպանության բանակում պայմանագրային հիմունքներով ծառայող քաղաքացիների միջին աշխատավարձը: Արդյունքում վճարվող գումարով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարող է ներգրավել 2 պայմանագրային զինծառայողների՝ ծառայության 2 տարի ժամկետով:

Ներգրավված զինծառայողները կլինեն տարիքով ավագ և փորձառու,  նրանց առաջնագծում տեղակայելով՝ կուժեղացնենք առաջնագիծը՝ առաջնագծից աստիճանաբար հետ բերելով 18 տարեկան մեր ժամկետային զինծառայողներին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, սակայն միջոցների անբավարարության պատճառով  չենք կարողանում իրականացնել»,- ասված է պատգամավորի նախագծում: