«Բելառուսը ապրում է». Մինսկում սկսվել են Բելառուսի՝ Ռուսաաստանին ինտեգրման դեմ բողոքի ակցիաներ (տեսանյութ)
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր՝ դեկտեմբերի 7-ին բողոքի ակցիա է սկսվել Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Նշվում է, որ կարճ ժամանակում Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում ավելի քան 1000 մարդ է հավաքվել: Ակցիայի մասնակիցները ցանկացել են բարձրանալ Հանրապետության պալատ տանող աստիճաններով, սակայն նրանց խանգարել են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք հրել են ակցիայի մասնակիցներին և լրագրողներին, ու ցանկապատի պես կանգնել են աստիճաններին:
Նշվում է, որ համազգեստով իրավապահները տարածքում շատ քիչ են:
Քաղաքացիական համազգեստով մարդկանց հետ քաշքշուկի ժամանակ ցուցարարները բղավել են «ամոթ», «ֆաշիստներ», «անկախություն», «Բելառուսը ապրում է»:
Քաշքշուկից հետո ցուցարարները գնացել են Արհմիությունների տան աստիճանների ուղղությամբ, նրանց հետևից վազել են նույն քաղաքացիական համազգեստով մարդիկ: Տեսնելով դա՝ ցուցարարները սկսել են նրանց անընդհատ վազեցնել մի աստիճաններից մյուսը:










