Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ
Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ Կարենբաուերը հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի Ռուսաստանի նկատմամբ գործողությունների հետագա քայլերը՝ կապված Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախարարն ընդգծել է, որ Մոսկվան պետք է «իր ներդրումն ունենա» հանցագործության հետաքննության հարցում:
«Այդ սպանությունը վնաս է հասցնում Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին: Ապացույցները ծանրակշիռ են», - հայտարարել է Անեգրետ Քրամփ Կարենբաուերը:
Անեգրետ Քրամփ Կարենբաուերն անցյալ տարվա դեկտեմբերին ընտրվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ` Անգելա Մերկելի փոխարեն: Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում է 2005 թվականից, իր հերթին, տեղեկացրել է, որ մտադիր չէ կրկին կանցլերի պաշտոնը վարել 2021 թվականին:
Հիշեցնենք, որ վրաց քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետի էին արտաքսել: Խոսքը Վրաստանի 40-ամյա քաղաքացու սպանության մասին է, որը մահացու վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Մի քանի օր անց 49-ամյա ռուս տղամարդու են ձերբակալել, որի մոտ դատախազության տվյալներով գտել են սպանության զենքը:










