Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել

11:22 • 08.12.19

Նյու Դելիի հին թաղամասերից մեկում գտնվող գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, հայտնում է theguardian.com-ը՝ ոստիկանությանը հղումով:

Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը հրդեհի բռնկման ժամանակ քնած է եղել ու մահացել է շնչահեղձ լինելու պատճառով: Զոհվածները եղել են գործարանի բանվորներն ու աշխատողները, որոնք գիշերում էին շինության ներսում:

Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարարներն այրվող 4 հարկանի շենքից դուրս են բերել 59 մարդու. նրանցից ոմանք ավելի ուշ մահացել են:

Վարչապետ Նարենդրա Մոդին հրդեհը «սարսափելի» է որակել և իր ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին: 

Պարբերականը գրում է, որ Հնդկաստանում փոքր գործարաններն ու արտադրամասերը հաճախ գտնվում են քաղաքների հին թաղամասերում ու աշխատողների համար նաև գիշերակացի վայր են: