Մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքն է. Տ. Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը

18:09 • 09.12.19

Դեկտեմբերի 9-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը, այն է` կրթության, առողջության իրավունքի իրացումը մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքն է: Սա միայն անձնական համոզմունք չէ, այլև սոցիալական գիտություններով ապացուցված փաստ: Փաստ է նաև, որ մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա` ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ ու հասարակական բարեկեցություն»:

Ավինյանը նշել է, որ մենք նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը, բարձրացնել առողջապահության առաջնային օղակի որակը, մանկապարտեզից սկսած խթանել առողջ ապրելակերպը. «Եթե ցանկանում ենք նվազեցնել հանցագործությունների մակարդակը, պետք է ներդրում անենք հանրակրթության որակի բարձրացման մեջ` միաժամանակ ապահովելով բռնությունից զերծ միջավայր դպրոցում ու ընտանիքում: Եթե մեր առջև դրված է խնդիր շրջակա միջավայրը պահպանելու, պետք է ջանքեր գործադրենք դպրոցներում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ` վաղը մենք ավելի քիչ ենք մտահոգվելու հասարակական կարգի պահպանման, աղքատության ու գործազրկության համար»:

Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների ու երիտասարդների մարդկային կապիտալի զարգացման թեմային. «Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը և երեխաների ու երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ մարդկային կապիտալի ձևավորման առաջնային նախապայմաններից է: Կարծում եմ, որ այս գործընթացում կարևոր է մեր քաղաքականությունների շահառուների` երեխաների ու երիտասարդների ներգրավումը դրանց մշակման գործընթացում: Եվ թեպետ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտը բավականին երիտասարդացել է, և օրինակ` իմ գրասենյակում միջին տարիքը 32 տարեկանն է, սակայն այս ուղղությամբ ևս նոր ինստիտուցիոնալ մոտեցումների կարիք կա, որն առաջիկայում կքննարկենք «Աշխատիր, Հայաստան» և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների շրջանակներում»: