Ամերիկուհին սոցիալական ցանցից է իմացել, որ վիճակախաղով 5 միլիոն դոլար է շահել
ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Ռեփիդս քաղաքի բնակչուհին սոցիալական կայքից է իմացել, որ վիճակախաղի ջեքփոթն է շահել, հայտնում է UPI գործակալությունը:
Ամերիկուհին ձեռք է բերել Lotto 47-ի տոմս, որի խաղարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, սակայն չի ստուգել արդյունքները:
«Արդեն արդյունքների հրապարակումից հետո, գիշերը Facebook մտա և իմացա, որ Քենտ շրջանի մի բնակիչ շահել է ջեքփոթը: Շարունակեցի կարդալ ու հասկացա, որ իմ տոմսը հենց այն խանութից էի գնել, որտեղ վաճառվել էր հաղթող տոմսը»,- պատմել է կինը:
Այդ ժամանակ նա վերցրել է տոմսն ու սկսել ստուգել թվերը և պարզել է, որ դարձել է խոշոր շահման` 5 միլիոն դոլարի հաղթող:
Ամերիկուհին ծրագրում է գումարը ծախսել վարկերի մարման և ճանապարհորդության վրա:
Վերջերս ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի խաղարկության արդյունքում 530 միլիոն դոլարի ջեքփոթն էին շահել:










