RR աճուրդի տունը 84 հազար դոլարով վաճառել է Սթիվ Ջոբսի ինքնագրով ճկուն սկավառակը

18:06 • 09.12.19

Ամերիկյան RR աճուրդի տունն Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի ինքնագրով ճկուն սկավառակը վաճառել է 84 115 դոլարով, հայտնում է Cnet գործակալությունը:

RR աճուրդի տան ներկայացուցչի խոսքով` 1000 դոլար մեկնարկային գնով սկավառակն արժեքավոր է հատկապես այն բանի համար, որ Սթիվ Ջոբսն այնքան էլ հաճախ ինքնագիր տվող հայտնիներից չէր:

1988 թվականին թվագրված այս ճկուն սկավառակը Macintosh System Tools 6.0 ծրագրային ապահովում ունի:  Վաճառողը նշել է, որ սկավառակը լավ վիճակում է գտնվում: Տեղեկություններ չեն հաղորդվել, թե ինչ հանգամանքներում է Սթիվ Ջոբսն այս նմուշի վրա ինքնագիր թողել:

Վերջին ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ Սթիվ Ջոբսի ինքնագրով իրը վաճառվում է խոշոր գումարով:

Սեպտեմբերին «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի` Ջոբսի կողմից ստորագրված պաստառը վաճառվել էր ավելի քան 30 000 դոլարով: