Արգենտինայում Մեքսիկայի դեսպանին «բռնացրել» են գրախանութում Կազանովայի կենսագրությունը գողանալիս

11:27 • 09.12.19

Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը տեղեկացրել է, որ կարգադրել է երկիր վերադառնալ Արգենտինայում Մեքսիկայի դեսպանին, որը մեղադրվում է գրքերի գողության համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Արգենտինայում Մեքսիկայի 76-ամյա դեսպան Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերրային գրախանութի անվտանգության աշխատակիցները բռնել են Ջակոմո Կազանովայի կենսագրությունը գողանալու պահին: Գրքի արժեքը 10 դոլարից պակաս է եղել:

«Ես խնդրել եմ Էթիկայի հարցերով կոմիտեին քննել Արգենտինայում դեսպանի դեպքը, որը մեղադրվում է հայտնի գրախանութից գրքերի գողության համար: Նախ նրան կարգադրել եմ տուն վերադառնալ»,- տեղեկացրել է նախարարը:

Էբրարդը հավելել է, որ եթե տեսախցիկների տեսանյութերը հաստատվեն, դեսպանն անմիջապես կազատվի աշխատանքից:

Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերրան Արգենտինայում Մեքսիկայի դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին: 2001-2004 թվականներին նա եղել է Մեքսիկայի դեսպանը Չիլիում: