Մեկուկես տարի է անցել հեղափոխությունից, բայց որոշ գործընթացներ բավականաչափ արագությամբ չեն ընթացել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

13:24 • 09.12.19

Մեկուկես տարի է անցել հեղափոխությունից, բայց որոշ գործընթացներ այն արագությամբ չեն ընթացել, որով պետք է ընթանային:

Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

«Այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ ավելի ակտիվ, ավելի արմատական լինեն փոփոխությունները»,-հավելեց նա:

Վերջինիս խոսքով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» մտահոգիչ հանգամանքներ է տեսնում հիմնականում շահերի բախմանն առնչվող գործընթացներում: «Կարծում ենք, որ պետք է հնարավորինս լրջորեն վերաբերվել առհասարակ շահերի բախման երևույթին, և փակել բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ստեղծել նմանատիպ ռիսկեր, և մի շարք բաղադրիչները, որոնք գալիս, ի վերջո կպնում են այդ շահերի բախման երևույթին: Այսինքն՝ գումարների ծախսում, արդյունավետություն, հանրային մասնակցություն»,-ասաց Այվազյանը՝ ընդգծելով, թե ռեֆորմները պետք է բավականին արագ ընթանան:

Այվազյանը նշեց նաև, թե իրենք շատ են կարևորում կադրային քաղաքականությունը:

«Պետք է ընտրվեն ճիշտ կադրեր, որոնք ունեն գաղափարներ, համարձակ են իրենց գործողություններում, վախեցած չեն, կարող են արմատական փոփոխություններ բերել:  Այդպիսի կադրերի համար է պետք ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի իրենք և՛ ներգրավվեն, և՛ նաև մնան պետական համակարգում, և´ պետական իներցիոն արատավոր երևույթների մեջ չներքաշվեն կամ ստիպված չլինեն հեռանալ համակարգից»,-ասաց Սոնա Այվազյանը: