«Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» պահանջել է բողոքի նոտա հղել Հայաստանին

12:51 • 09.12.19

Թուրքիայի ոչ կառավարական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան», Թուրքիայի արտգործնախարարությունից պահանջում է նոտա հղել Հայաստանին՝  ի նշան բողոքի, որ հայկական հեռուստաալիքներով պարբերաբար «Թուրքիայի հողերը ներկայացվում են Հայաստանի կազմում»: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:

Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության փոխնախագահ Սերդար Ունսալը՝ նշելով, որ հայկական Western Armenia TV հեռուստաալիքով «թուրքական 20-ից ավելի տարածք պարբերաբար ներկայացվում է որպես հայկական»:

Ունսալը նաև կոչ է արել Թուրքիայի բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին դեմ արտահայտվել «Հայաստանի նման գործողություններին»: